29 06 2023

Բազմիցս խոսել եմ, թե ինչ արվեց հայկական բանակի հետ, որից հետո այն վերածվեց Աստված գիտե, թե ինչի․ Սեմյոն Բաղդասարով․ Alphanews.am



 

«Ադրբեջանական կողմը ուղղակի թքած ունի, թե որտեղ են ընթանում բանակցությունները՝ Մոսկվայում, Վաշինգտոնում, թե մեկ այլ տեղ։ Նա խնդրի ուժային լուծման քաղաքականություն է որդեգրել»,- Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը, Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ֆոնին, կրկին ԱԹՍ-ներ է կիրառել՝ Արցախում սպանելով չորս հայի։ «Դրան նպաստեց նաև նախագահի պաշտոնում վերընտրվելուց անմիջապես հետո Էրդողանի այցը Բաքու, ինչը ոգեշնչեց նրա գործընկերոջը, և նրանք միասին ուժի միջոցով խնդիրը լուծելու կուրս որդեգրեցին»։

Բաղդասարովն ընդգծել է, որ Հայաստանի արտգործնախարարը, ի նշան բողոքի, առնվազն պետք է շրջվեր ու Վաշինգտոնից անմիջապես Երեւան վերադառնար։ «Ըստ ամենայնի, դա խնդրի վրա ամերիկյան կողմի ուշադրությունը հրավիրելու միակ միջոցը կլիներ։

Եթե, իհարկե, հայկական կողմը, ընդհանրապես, ցանկանում է ինչ-որ բանի հասնել ամերիկյան կողմից»,- նշել է Բաղդասարովը։

Անդրադառնալով պաշտոնական Երևանի գործողություններին և այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Էրդողանին և նրան շնորհավորել Կուրբան բայրամի կապակցությամբ, Բաղդասարովն ասել է․ «Դուք զարմացած եք մի մարդու գործողությունների վրա, ով ամենայն լրջությամբ կարծում է, որ Հայաստանի զինանշանը չի համապատասխանում հայկական շահերին, որ Հայաստանի պատմությունն, ընդհանրապես, սկսվել է 1991 թվականից: Իսկ մինչև 1991 թվականը ո՛չ հայ ժողովուրդ կար, ո՛չ Մեծ Հա՞յք, չկայի՞ն հայոց մեծ թագավորական տոհմեր, անգամ Նոյան տապա՞նը չկար Արարատ լեռան վրա։ Իսկ հիմա դուք ցանկանում եք, որ այս մարդը Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից որևէ խելամիտ բա՞ն անի։ Ես բազմիցս խոսել եմ այն մասին, թե ինչի կհանգեցնի Թուրքիայի հետ սիրախաղը, թե ինչ արվեց 2018-2020 թվականներին հայկական բանակի հետ, որից հետո այն դարձավ տարածաշրջանում ամենաթույլը, վերածվեց Աստված գիտե, թե ինչի։

Իսկ 2020 թվականից մինչև 2023 թվականը կարո՞ղ էին միջոցներ ձեռնարկել Հայաստանի ազգային և ռազմական անվտանգության ամրապնդման համար։ Ինչպե՞ս կարելի է հուսալ, որ վատ զինված 40-45 հազարանոց հայկական բանակը կկարողանա որևէ դիմադրություն ցույց տալ։ Ինչո՞ւ այս մարդը ոչինչ չի անում: Ինչու՞ Հայաստանի հարավում չեն ստեղծվում ինքնապաշտպանական ստորաբաժանումներ, որոնք չեն վարժեցվում ու վերազինվում այնպիսի մեխանիզմներով, որոնք իրենց արդյունավետությունն են ցույց տվել նույն Մերձավոր Արևելքում ։ Այդ բոլոր ջոկատները գերազանց արդյունք են ցույց տվել Եմենի, Իսրայելի, Իրաքի, Լիբիայի իրադարձությունների ժամանակ։ Հայաստանում որևէ մեկն ուսումնասիրո՞ւմ է այս ամբողջ տեղեկատվությունը։

Չէ՞ որ Լիբանանում մեծ հայկական սփյուռք կա, և Դաշնակցություն կուսակցությունը մեծ ազդեցություն ունի այնտեղ։ Կարելի է չէ՞ ինչ-որ բան ուսումնասիրել, ինչ-որ բան անել: Բայց բանն այն է, որ ոչ ոք չի ցանկանում դա անել։ Չես կարող հույս ունենալ, որ ինչ-որ մեկը կպաշտպանի քո ժողովրդին՝ լինի Ամերիկայում, Ռուսաստանում, թե Եվրոպայում»,- ընդգծել է Սեմյոն Բաղդասարովը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ